Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ոսկե ծիրան»-ի արտամրցութային ծրագրում

«Ոսկե ծիրան»-ի արտամրցութային ծրագրում
15.07.2015 | 15:56

«Մի՝ գողացիր»

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի արտամրցութային ցանկում ընդգրկված էր Մոսկվայի կինոյի բարձրագույն դպրոցի ուսանող Արջ-Ասպետ Շերմազանյանի «Մի՝ գողացիր» կարճամետրաժ խաղարկային ֆիլմը, որ սև հումորի ժանրում հնչեցնում էր մեր ժողովրդական բառուբանի իմաստնությունը. «Գողը գողից գողացավ, Ասված տեսավ, զարմացավ»: Ֆիլմի ստեղծագործական կազմում բացառապես պրոֆեսիոնալներ են, և Արջ-Ասպետը դա համարում է իր առաջին ֆիլմը, քանզի մինչ այդ նկարած երեք ֆիլմերը, ըստ նրա, եղել են փորձարարական աշխատանքներ կինոյում:
«Արևմտյան ոճով արված ֆիլմ է՝ բարոյական խրատի շեշտադրումներով: Սա ավելի բաց, թեթև, կոմերցիոն ֆիլմ է, և նման չէ հեղինակային ֆիլմերին, որպիսիք ընդունված է ընդգրկել մեր «Ոսկե ծիրանի» մրցութային ծրագրերում»,- ասում է ռեժիսորը:
Այս ֆիլմը Չեխիայի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնում ստացել է առաջին մրցանակ «Լավագույն կինոկատակերգություն» անվանակարգում: Թբիլիսիի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնում էլ առաջինն է ճանաչվել «Լավագույն «սև հումոր» անվանակարգում:
Արդեն երկու միջազգային կինոմրցանակի արժանացած երիտասարդն ունի ծրագրեր ապագայի համար:
Այս ֆիլմից հետո նա երեք ֆիլմ է նկարել, որոնցից երկուսը՝ կինոժապավենի վրա: Դա ավելի դժվար գործ է և թանկ հաճույք, բայց և իսկական պրոֆեսիոնալ կինո է: Այսպես է կարծում երիտասարդ ռեժիսորը: Թեև սա՝ իբրև կինոտեսակ, վերանում է՝ իր տեղը զիջելով տեսաֆիլմերին, բայց դասականին վերադարձը սեփական ուժերը փորձելու և իսկական կինոաշխատանքի հաճույքն ու դժվարությունները ճաշակելու միջոց է: Ֆիլմերից մեկում նկարահանվել է ռուս հայտնի դերասան Միխայիլ Գորեվոյը, որը հայտնի է ռուսական և ամերիկյան, այդ թվում և՝ Սթիվեն Սփիլբերգի ֆիլմերում մարմնավորած իր հերոսներով:
Իրենց կուրսի ղեկավար, ռուս ճանաչված ռեժիսոր Ալեքանդր Կոտի գլխավորությամբ յոթ երիտասարդ կինեմատոգրաֆիստ նկարահանում են ֆիլմաշար՝ բանահյուսությունից վերցված թեմաներով:
Արջ-Ասպետն ընտրել է աստվածաշնչյան առակը՝ անառակ որդու վերադարձի մասին: «Այսօր դա շատ հրատապ թեմա է Հայաստանի համար, որովհետև շատերն են լքում Հայաստանը: Բայց եթե առակում որդին վերադառնում է խեղճացած, մեջքը կոտրած, ապա այս ֆիլմում նա վերևադառնուըմ է կայանալուց, ինքնահաստատվելուց հետո: Նա հետ է գալիս ամաչելով, և գյուղն ընդունում է նրան: Այս ֆիլմում մեր հայկական կոլորիտն է, որը փորձում եմ շատ վառ ներկայացնել»,- մեկնաբանում է երիտասարդ կինոգործիչը:
Մեր այն հարցին, թե նա կվերադառնա՞ Հայաստան Մոսկվայում կրթությունն ավարտելուց հետո, Արջ-Ասպետը պատասխանեց. «Ես կվերադառնամ Հայաստան, բայց դրսում կայանալուց հետո: Այս իմաստով ինձ համար լավագույն օրինակն Էմիր Կուստուրիցան է, որը հիմա Սերբիայում մի ամբողջ գյուղ ունի և իբրև դիկտատոր՝ ամբողջ աշխարհին ներկայացնում է սերբիայի գույնն ու կոլորիտը: Նա այս դաշտում դարձել է ամենահզորներից մեկը»:
Հայ-ռուսական համատեղ ծրագրեր կան առաջիկայում իրագործվելիք, որոնց մասին պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի հետ: Ի դեպ, երիտասարդը հաճելիորեն զարմացած է այն բարեհաճ վերաբերմունքից, որին արժանացել է իր մտահղացումը Գևորգ Գևորգյանի կողմից: Նա կարծում է, որ հայ-ռուսական, հայ-եվրոպական հարաբերությունների մասին պատմող սյուժեները հետաքրքիր են երկուստեք, և եթե դրանք ճիշտ մշակվեն ու մատուցվեն, ապա կարժանանան սատարումի, ֆինանսավորման և կհասնեն հանդիսատեսին: Մոսկվայի հայ կինոգործիչների համատեղ ջանքերով նախատեսում են բացել իրենց կինոստուդիան և կյանքի կոչել իրենց այսօրինակ նպատակները: Սպասելիքները մեծ են, լավատեսությունն անթաքույց: «Բոլորը, չգիտես ինչու, վատ են արտահայտվում, բայց ես կարծում եմ, որ կինոյում գործն առաջ չի գնում, որովհետև մենք կադրերի և հետաքրքիր պատմությունների պակաս ունենք: Եթե դրանք լինեն, որևէ խոչընդոտ չի լինի ֆիլմ նկարելու հարցում: Հիմա Մոսկվայի կինոաշխարհում որոշիչ դերակատարությունը հայերինն ու հրեաներինն է, և իսկապես կա շահագրգռություն արդյունավետ գործունեություն ծավալելու համար»,- այսպես է մտածում Արջ-Ասպետ Շերմազանյանը:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1660

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ